ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Սյունիքի գողտրիկ վայրերից մեկում` ծովի մակերևույթից 1700մ բարձրության վրա է գտնվում Ձագիկավանը: Իր մերկ բլուրներով, Կապուտջիղից եկող սառը քամիներով և ցրտաշունչ ձմեռներով Ձագիկավանը դժվար թե գրավի շատերին: Սակայն գյուղը, իսկապես, հրաշք է: Նրան երկու կողմից իրենց գիրկն են առել Ողջի գետն ու Բաղաց ջուրը , որոնց ջրերը գյուղը դարձրել են փոքրիկ մի դրախտավայր:
Ահա հենց այստեղ` երկու գետերի միախառնման հարևանությամբ է գտնվում դպրոցը:
Դպրոցը վերաբացվել է 1989թ. սեպտեմբերի 1- ին: Դպրոցի տնօրենի պարտականությունը դրվեց բնատուր տաղանդի տեր, մասնագիտությամբ կենսաքիմիկ Լեռնիկ Շավարշի Ազարյանի վրա:
Տնօրեն Լ. Ազարյանը նախ ձեռնամուխ եղավ ավերված դպրոցի վերականգնմանը /1990թ Կապանի շրջխորհրդի գործկոմի, Քաջարանշին տրեստի օժանդակությամբ/, ապա մանկավարժական կարող ուժերի համալրմանը: Դպրոցն իր հյուրընկալ դռները բացեց բռնագաղթված մի բուռ հայերի և նրանց երեխաների առջև: Առաջին իսկ օրվանից մայրենի լեզուն, գիրը դժվարությամբ յուրացնել սկսեցին ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները, բռնագաղթվածները: Կրթօջախը, որը լքված տուն էր հիշեցնում, օր օրի կայանում էր` շնորհիվ տնօրեն Լեռնիկ Ազարյանի և երիտասարդ կոլեկտիվի նվիրական ջանքերի: Պատերն անգամ ասես կարոտել էին հայեցի բառ ու բանին, երգին, պարին:
Մեկ տարվա ընթացքում դպրոցը դարձավ դպրոց-մանկապարտեզ, իսկ հաջորդ տարի՝միջնակարգ դպրոց-մանկապարտեզ:
Դպրոցի առաջին ուսուցիչներն էին Մարտուն Փարսյանը, Մարատ Վարդանյանը, Անահիտ Գևորգյանը, Կարեն Հարությունյանը ….
Դպրոցում կազմակերպվել և կազմակերպվում են մի շարք միջոցառումներ՝ սպորտային և ռազմահայրենասիրական, իրականացվում է ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետությանը նպաստող բազմաթիվ ծրագրեր: Ամեն տարի կազմակերպվում է աշնանային և տարեվերջյան էքսկուրսիաներ, շրջայցեր : Դպրոցի աշակերտները եղել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համարյա բոլոր պատմական գեղատեսիլ վայրերում:
Մեր դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցում են մարզային և հանրապետական միջոցառումների և հաճախ վերադառնում հաղթանակներով, գովասանագրերով: Երկու տարի մասնակցեցին Հայաստանի պատանեկան նվաճումների կողմից կազմակերպված “Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն ավագ դպրոցի աշակերտների համար” ծրագրին:
Դպրոցի 1-12-րդ դասարանների աշակերտներն ամեն օր, երկար դասամիջոցին սնվում են տաք ճաշով. դպրոցն ընդգրկված է “Տաք սնունդ” ծրագրի մեջ, իսկ կրտսեր դասարանի երեխաները նաև ստանում են հյութ և թխվածքաբլիթներ:
Գաղտնիք չէ, որ այսօր դպրոցը առաջադիմում, հարատևում և կանգուն է հովանավորներով: Հովանավորի, բարեգործի առավել կարիք ունեն գյուղական դպրոցները, որոնք վտանգված են դատարկվելու: Գյուղական դպրոցի կայուն գործունեությունը նաև գյուղի գոյության պայմանն է: Ահա թե ինչու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2005թ-ից ի վեր կանգած է մեր թիկունքին: Դա սոսկ հովանավորություն չէ. դա գյուղը կանգուն պահելու, կրթության նկատմամբ մեծ հարգանք ունենալու անհանգստությունից է ծնվել:
Այսօր, սկսած 2005թ-ից, աշակերտներին և ուսուցիչներին դեպի դպրոց փոխադրում են ավտոբուսներ, որի հովանավորը կրկին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն է:
2013թ-ին ԶՊՄԿ –ի, <<Քաջարան>> հիմնադրամի կողմից հիմնանորոգվեց դպրոցը՝ տանիք, հատակ, պատուհաններ, ջրատար, կոյուղի, մարզադահլիճ, կատարվեց դպրոցի ներքին և արտաքին հարդարում, մարզահրապարակի հիմնում, մանկական խաղահրապարակի ստեղծում, ասֆալտապատում:
Այս տարի լրանում է մեր դպրոցի 30 ամյակը: 30 հաջողություններով լի երկար ու ձիգ տարիներ, հագեցած բուռն աշխատանքով, նվիրումով, մատաղ սերնդի դաստիարակման հայրենանվեր գործունեությամբ: Ունեցել ենք բազմաթիվ շրջանավարտներ`տարբեր բնագավառների նվիրյալներ, շրջանավարտներ, որոնք այսօր էլ հայոց սահմաններն են պաշտպանում և երկիր հայրենին:
Կրթօջախի տնօրենությունը և մանկավարժները ամեն ինչ անում են և մեծ կյանք են ճանապարհում գիտակից, բանիմաց, ազգասեր, դաստիարակված երիտասարդների և աղջիկների, որոնք կհզորացնեն մեր հայրենիքը և կդառնան իրենց հայրերի արժանի հետևորդները: